Եթե դուք կամ Ձեր հարազատը մասնակցել է պա տերազմին, ապա սա ձեր վրա նույնպես կտարածվի

Նորություն

Իրավաբան.net-ը պարբերաբար հարցեր է ստանում 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերված պա տերազմի ժամանակ պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում իրավաբան Վաչե Բաղդասարյանը հայտնեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:

«Զի նծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և լրավճարներից»,-նշեց իրավաբանը։

Զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա: Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի (66․140 ՀՀ դրամ) արտադրյալով:

Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:

Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանվում է «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014թ․–ի հուլիսի 3-ի N 712-Ն որոշմամբ:

Պահեստազորում հաշվառված և կամավոր հիմունքներով մարտական գործողություններին և ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց դրամական փոխհատուցման չափը կարող է տարբեր լինել, ելնելով այն հանգամանքից, թե անձը կոնկրետ պատերազմական իրավիճակում կամավոր հիմունքերով կամ պահեստազորում հաշվառված լինելու ժամանակ որտեղ, ինչ պայմաններում և ինչ կարգավիճակով է մասնակցել մարտական գործուղություններին կամ ՀՀ սահմանների պաշտպանությանը, ուստի նպատակահարմար է նշված հարցի հետ կապված մանրամասն պարզաբանում ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարներով՝ 1-28 կամ (+37412) 21-00-00, կամ դիմել զինվորական հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *