Մի՛ ալարեք, կարդացե՛ք․ Դաժшն իրականություն՝ պարտվեցինք որովհետև այսպես էինք վարվում․ եթե կարդացիք սա, անգի՛ր արեք, երդվե՛ք

Քաղաքականություն

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տեղադրել, որը ներկայացնում ենք ստորև՝ Այո՛, մենք պարտվեցինք, բայց ո՛չ այսօր… Պարտվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, կրթվածին՝ դոդիկ: Պարտվեցինք, երբ 7–8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:

Պարտվեցինք այն ժամանակ, երբ անգամ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր խմբի Անուշիկը ավելի լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է, իսկ իր հայրը՝ օպերային երգիչ: Պարտվեցինք այն ժամանակ, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել ա գործի»:

Մենք պարտվեցինք, որովհետև բանակում կիսագողական բարքեր էին: Սպային որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ», իսկ հետի զինվորին համարեցինք տասովչիկ, ոչ թե եղբայր: Պարտվեցինք, որովհետև դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ուզում դառնալ քիմիկ, որովհետև տեսել էր, թե ինչպես է ապրում իր քիմիկ քեռին: Սա էլ քիչ էր, հայրն էլ, երբ հանկարծ երեխան անկարգություն էր անում կամ սխալ մի բան, ասում էր. «Էլ մարդ չկար, քեռո՞ւդ պիտի քաշեիր»:

Մենք պարտվեցինք, երբ ոչ մեկը չէր ուզում հարկ մուծել: Մի մասն ասում էր. «Խի՞ տամ, աչքս կհանի՝ ավել փողը դնեմ ջեբս», մի մասն էլ ասում էր. «Եթե իմանամ կծառայի իր նպատակին, կտամ»: Պարտվեցինք, երբ մեր հարևանի, բարեկամի, ընկերոջ հաջողություններով չուրախացանք, այլ նախանձեցինք ու հոգու խորքում թաքուն ատեցինք: Պարտվեցինք, երբ արտաքինն էր որոշում՝ գործ կգտնե՞ս, թե՞ ոչ:

Երբ պետական մակարդակով ոչ ոք չպատժեց «Պահանջվում է բարետես արտաքինով աշխատակցուհի» հայտարարություններ անողներին: Պարտվեցինք, որովհետև տարբերություն դրեցինք հայաստանցու, ղարաբաղցու, ծովագյուղցու, լենինականցու, մարտունեցու միջև: Պարտվեցինք, որովհետև ամաչում էինք մեր հայրենիքում մեր կատարած գործից. ստիպված ուրիշ երկրում էինք անում այդ նույն գործը՝ բոլորի աչքից հեռու, որ չդառնանք ծաղրի առարկա: Պարտվեցինք, երբ ոստիկանին անվանեցինք «մենթ», նա էլ չարությամբ լցվեց ու ապտակեց իր հոր տարեկիցներին:

Պարտվեցինք այն ժամանակ, որովհետև օրինապաշտ էինք միայն Եվրոպայում: Իսկ մեր երկրում ո՞վ էինք՝ պատուհանից աղբը ներքև նետող, փողով «պրավա» հանող, փողով դիպլոմ առնող, փողով գործի ընդունվող, ամեն տեղ փողով, փողով, փողով… Պարտվեցինք այն ժամանակ, երբ բանաստեղծության փոխարեն մեր տղաներին հայհոյել էինք սովորեցնում ու հրճվում էինք տան հյուրերի առաջ:

Պարտվեցինք այն ժամանակ, երբ տունդ թալանում էին, իսկ դու ոստիկանություն չէիր դիմում… (Ապե՛, հո ես գործ տվող չե՞մ): Պարտվեցինք այն ժամանակ, երբ թանգարանների ու պատմամշակութային վայրերի փոխարեն դպրոցականներին Աշտարակի ձոր էինք տանում: Պարտվեցինք, որովհետև յարխուշտա պարելու փոխարեն ճարպոտ փորով, կիսամերկ պորտապար էինք դիտում երեխայի, կնոջ, տարեցի ներկայությամբ, գինովցած հետները հրճվում, իսկ ներկաները, բրավո գոռալով, ծափահարում էին:

Հը՜մ… Պարտվեցինք, երբ սկսեցինք տարբերություն դնել քաղաքացու, գյուղացու, կենտրոնի ու Բանգլադեշի միջև: Պարտվեցինք, երբ տղա երեխային ծնված օրվանից քնքշորեն վերաբերվեցինք՝ ասելով. «Վա՜յ, հանկարծ չմրսի, մի տեղը չցավի»: Փոխարենը պիտի դրդեինք նրան մարզվելու, կոփվելու: Պարտվեցինք այն ժամանակ, երբ չսովորեցինք մեր տեղը զիջել տրանսպորտում. ծամոնը բերանը երիտասարդ աղջիկը՝ պապիկին, տղան՝ աղջկան, տարեցին, հաշմանդամին: Ես կարող եմ անվերջ թվարկել, թե ինչու պարտվեցինք: Այո՛, պարտվեցինք: Ու եթե չեք ուզում նորից պարտվել ու եթե կարդացիք սա, կետերը անգի՛ր արեք, երդվե՛ք, որ նման կերպ չեք դաստիարակի ձեր երեխաներին: Եթե ուզում եք հաղթող սերունդ ունենալ, եթե ուզում եք արմատախիլ անել պարտվող ոգին ձեր երեխաների միջից, ապա ճի՛շտ ուղիով դաստիարակեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *