Նոր ռեկորդ է սպասվում․․ անոմալ ու անդիմադրելի շոգերը մոտենում են, տրամադրվեք

Հետաքրքիր

Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում +16.6⁰C է, երրորդ տասնօրյակում այն հասնում է +17.3⁰C: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիճանը տատանվում է +25…+27⁰C սահմաններում, Տավուշում` +18…+22⁰C, Լոռիում` +16…+18⁰C, լեռնային շրջաններում +15…+20⁰C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, գրանցվել է Մեղրիում` +43.7⁰C (2011թ), Արարատ +42.6⁰C (2017թ), Երևան +42.0⁰C (2011թ.):

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Լեռնային շրջաններում հուլիսը զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32…+34⁰C (Գյումրի` +38⁰C): Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39…+41⁰C սահմաններում:

Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34…+35⁰C: Խոնավ հուլիսներ են դիտվել 1906, 1929, 1939, 1956, 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ, երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1907, 1915, 1933, 1934, 1936, 1940, 1942, 1950, 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 40%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 15%:

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը ամբողջ տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին, (անդորրի կրկնելիությունը կտրուկ նվազում է, Երևանում անդորրի կրկնելիությունը կազմում է 19%): Քամու միջին արագությունը ժամը 21-ին հասնում է 6 մ/վրկ, առավելագույն արագությունը կարող է հասնել 18-21մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը: Արարատում, Արմավիրում հուլիսին միջինը 1-2 օր դիտվում են ինտենսիվ խորշակներ, երբ կեսօրից հետո 8մ/վրկ-ից բարձր արագությամբ քամիների դեպքում խոնավության պակասորդը հասնում է մինչև 40մբ և ավելի:

Եղանակի կանխատեսում 2021թ. հուլիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+9 աստիճան, առավելագույնը՝ +42…+43 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 7-14մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +33…+36 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…+3 աստիճան, առավելագույնը՝ +31…+34 (Գյումրի +38) աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 34-75մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0…+5 աստիճան, առավելագույնը՝ +32…+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 58-83մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20…+24 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13…+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36..+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +5…+10 աստիճան, առավելագույնը՝ +35…+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +27…+28 աստիճան, լեռնային շրջաններում` +18…+20 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +16…+18 աստիճան, լեռնային շրջաններում՝ +8…+11 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +40…+42 աստիճան, լեռնային շրջաններում՝ +30…+34 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +6…+11 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1…+3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +37…+41 աստիճան, լեռնային շրջաններում՝ +32…+37 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում՝ 40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +26…+29 աստիճան, նախալեռնային շրջաններում` +19…+21 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +14…+17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5…+10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +38…+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32…+35 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +9…+11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +1…+6 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +39…+43 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 10-31մմ, նախալեռնային շրջաններում՝ 27-51մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +27…+28 աստիճան, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +16…+18 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +40…+42 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +7…+8 աստիճան, առավելագույնը՝ +41…+42 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 9-14մմ):