Ադրբեջանի հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայողներ են գերեվարվել. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության խոսնակ

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայողներ են գերեվարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

«Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել, անընդհատ աշխատանքներ են կատարվում, փոփոխություններ են լինում: Այս պահին նույնականացված միայն մեկ գերու մասին կարող ենք հայտնել, նրա գերեվարվելու մասին դեռ սեպտեմբերի 13-ին է ինֆորմացիան ճշտվել»,- ասաց նա:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։